Իմիջաբարձր ԱԺ-ի վերջին քառօրյան իրադարձային էր մի «ուրիշ ձևով»: Սերժ Սարգսյանը համաներմամբ քաղաքական նոր իրավիճակ էր ստեղծում: ՀՅԴ-ն «իմիջաբարձրի» հետ համատեղ ջանքերով հրաժարախաբություն էր ապրում:
ԲՀԿ-ն փորձում էր ուշքի գալ ֆրակցիայի նիստից և դրան հաջորդող իրադարձություններից հետո:
ԴԱՍԱՐԱՆԸ ՓԱԿԵ՞Լ ԵՆ
Գագիկ Ծառուկյանը երկուշաբթի օրն ուղիղ ժամը 11-ին ֆրակցիայի սենյակում է եղել: Դե ոնց է լինում էդ ժամանակ. ԲՀԿ անդամները կես ժամ առաջ խիստ խելոք, անշարժ նստում, սպասում են, չեն ժպտում, չեն խոսում, չեն շնչում, սպասում են` գա-ասի...
Եկել ու միանգամից Արամ Սաֆարյանին, թե` դու քանի՞ գլխանի ես, որ «գաս` դնչով-շնչով-պնչով»…. մի խոսքով, Կոլյայիչն իր պես, պատին է դեմ տվել (մեղմ ասած) ֆրակցիայի քարտուղարին ու թե` չհասկացա, մենք էդ մարդու (Սերժ Սարգսյանի) հետ թուղթ (կոալիցիոն հուշագիր) ենք ստորագրել, դու վեր ես կենում ասում` «հաջորդ դասի՞ն»:
Մի խառնվեք. խնդիրն առնչվում է Արամ Սաֆարյանի վերջերս տված հարցազրույցներից մեկին (ո՛չ ԲՀԿ-ում էին կարողանում հիշել այդ հարցազրույցը, ո՛չ էլ, անկեղծ ասած, մենք գտանք այն, պարզապես աղոտ հիշում ենք, որ Արամ Սաֆարյանն իր նման «ցրողական» ասել էր` «այդ հարցերի մասին կխոսենք հետո»։ Ի դեպ, Ծառուկյանի այդ «վՈպջՊ»-ից հետո թերթերից մեկում Արամ Սաֆարյանի հետ արդեն իսկ խոստացված հարցազրույցի շարունակությունն այդպես էլ չտպագրվեց):
ՈՒ մինչ ԲՀԿ ֆրակցիայում փորձում էին հասկանալ` հիմա իրենք քնա՞ծ, թե՞ արթուն են, ընկել էին հաջորդ շոկի մեջ. Կոլյայիչը, դուրս եկել ֆրակցիայի սենյակից, լրագրողներին, ոչ մեկ-ոչ երկու, ասել էր նույն բանը, ինչի համար քիչ առաջ այդպես «հարկեհարկ» էր անում Արամ Սաֆարյանին։
Հիշենք` լրագրողներին նա ասել էր. նախագահական ընտրությունների մասին կխոսենք «հաջորդ դասին»: Չի ասվել` ո՞ր դպրոցում, ո՞վ է լինելու դասատուն: Բայց քանի որ կա մեծ ճշմարտությունը` երբ աշակերտը պատրաստ է, ուսուցիչը գալիս է, այդքանով առաջին ժամն ավարտվել էր:
Ոչ մի խոսք, որ ախր` «թուղթ ենք ստորագրել» «էդ մարդու հետ», որ պաշտպանելու ենք «գործող նախագահին» և այդպես շարունակ:
Լրագրողների հետ հանդիպման հաջորդ կոդային միտքն էլ այն է եղել, որ մենք երկրորդ ուժն ենք էս ալամ աշխարհում և` վե՛րջ:
Այսքանով ԲՀԿ-ի շոկաթերապիկ «արկածները» խորհրդարանում ու լրատվամիջոցներում չեն ավարտվել: ԲՀԿ հաջորդ տրիբուն Վարդան Բոստանջյանը մեկ օր հետո հանդես է եկել միանգամից 2 (երկո՜ւ) լրատվամիջոցում ու ասել նույնքան «միանգամից» մտքեր, որոնք քաղաքական դաշտը, մասնավորապես, հարգարժան կոալիցիան ծամում-ծամում են ու չեն կարողանում մարսել:
Վարդան Բոստանջյանը կատարել էր որոշակի սրբագրումներ, արձանագրելով, որ իրենք, այո՛, «թուղթ» են ստորագրել` կոալիցիոն, և որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է, բայց դե… կարող է և «տրումբեն պայթի», և այդ պայթյունի արդյունքում «տեսականորեն» Քոչարյանը մտնի ԲՀԿ համամասնական ցուցակ:
ԴԱՍԱՄԻՋՈՑԻՆ ՉԾԽԵԼ, ՉԽՄԵԼ, ԱՂՋԻԿ ՉՓՈԽԵԼ
Այսպիսով, ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ում և «նրա շուրջ»:
Կատարվում է այն, որ Ծառուկյանը երբեք հենց այնպես պառլամենտ չի գալիս: Համաներումից ժամեր առաջ «երկրորդ ուժի» հայտնությունն իմիջաբարձր պառլամենտում, ուր կերտվում էր նոր իրավիճակ, որի մասին «Ահավոր» Ադիբեկյանն ասել էր, դեռ հարց է` ՀԱ՞Կ-ը կլինի երկրորդ ուժ, թե՞ ԲՀԿ-ն, Ծառուկյանը եկել էր «գույքագրում» կատարելու, մի քանի կոդային արտահայտություններ «իրացնելու»:
Նախ, փորձագետներն արձանագրում են, որ խորհրդարանական ուժեր ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի մոտ կա խանդի ավելցուկ` ՀԱԿ-իշխանություն երկխոսության առիթով, որպես ենթագիտակցական ինքնապաշտպանություն: ՀԱԿ-ի հետ երկխոսությունն այնքան ծանր են տանում առանձին ԲՀԿ-ականներ, որ նույնիսկ հաթաթա են տալիս ՀՀԿ-ին սպասվող զարգացումների առնչությամբ. դե հլը կտեսնեք, ինչ է լինելու:
«Հաջորդ դասի» և երկրորդ ուժի մասին մեսիջը նախ «շպպացնելով» սեփական ֆրակցիայի, ապա իմիջաբարձր խորհրդարանի պատերին, ԲՀԿ-ն մի քանի մակարդակներում «մի քանի բան ասաց»:
Բայց նախ հարց. բա որ «հաջորդ դասը» ԲՀԿ-ի միակ ուղիղ ճանապարհն էր, էլ ինչո՞ւ էր Արամ Սաֆարյանը գիլիոտինվում քսանհինգհոգանոց ֆրակցիայում, ուր Արամը նույնքան չուզողներ ունի (ասում են` դա Արամի մոտ ԲՀԿ «շրջանակներում» անչափ լավ ու միշտ է ստացվում. իզուր չէ մեր կոլեգա Արամը, որ պարապ ժամերին զբաղվում է Քոչարյանի լոբբինգով, այստեղ-այնտեղ սրտնեղում, թե մի երկուհազարանոց դոլարային աշխատավարձ լիներ, ինքը վաղո՜ւց թողել-գնացել էր ԲՀԿ-ից):
Կարծիք կա, որ Արամն առաջ է ընկել և Ռուսաստանից ԲՀԿ իջեցված որոշակի մեսիջը շատ շուտ է վայրէջքի տարել: Ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ ժամանակին: Ինչն էլ ահավոր զայրացրել է կուսղեկավարին, որովհետև, և ըստ ամենայնի, դա իր «պրիորիտետն» է եղել:
Ռուսաստանը, որն իր Կարասինին ուղարկել էր ցույց տալու, որ այդ իրենք են ԲՀԿ-ին «տալիս» կոալիցիային, իմա` Սերժ Սարգսյանին, տարածաշրջանային վերջին զարգացումների ֆոնին, կրկին փորձում է հասկացնել, որ ներքաղաքական խաղի մեջ իրենց դերակատարությունը մշտապես առկա է, և Սարկոզիին, «կոսմոնավտներին», Իշտոյանին տեսնող հայոց իշխանություննները չպետք է «չարաթմիշ» կպնեն, ոգևորվեն Արևմուտքի շոյանքներից:
Այս պահին խաղը նրբանում է այնքան, որ Ռուսաստանում ներքաղաքական ֆոնը ևս որոշակի ինդիկացիա է արձանագրում: Ի շահ ազգային և այլևայլ «ճակատներ» ստեղծող Պուտինի, որն էլ իբր ինդիկացիա ունի Քոչարյանի նկատմամբ… Էստեղ պաուզան ձգենք շատ արագ ասելու, որ դա այդքան էլ այդպես չէ, և ըստ շատ հավաստի աղբյուրների` Պուտինը Քոչարյանին համարում է «անցած էտապ»:
Սա` «ա»: Եվ բ) Պուտինի կարծեցյալ ուժեղացումը (հետո ինչ, որ Քոչարյանը հանդիպել է Պուտինին. ծիծաղելի է, որ այդ կարգի հանդիպումները դիտարկվում են «դարի հանդիպում» երազախաբության ծիրում) Մեդվեդևի նկատմամբ բացատրվում է Ռուսաստանի` Սիրիայի ու Իրանի նկատմամբ վերջերս Մեդվեդևի որդեգրած կարծր դիրքորոշմամբ, ինչն ամենևին էլ Արևմուտքի սրտով չէ, և վերջինս մասամբ պատժում է «իր սիրելի տղա» Դիմային, ինչը չի կարող երկար շարունակվել, որովհետև Արևմուտքը չի կարող «իր հիվանդ գառանը պահ տալ այլոց առողջ գայլին» (մեջբերումը մեր պատմիչներից է)։
Բոլոր դեպքերում, Պուտին-Մեդվեդև խաղն ամեն րոպե կարող է փոխվել, պետք է սպասել դովիլյան զարգացումներին` հասկանալով, որ արևմտյան քաղտեխնոլոգիան անչափ նուրբ ու անվրեպ է գործում և վայրկյանների ընթացքում իրավիճակ է փոխում. համոզվելու համար տե՛ս Ստրոս-Կանի հետ կատարված ռեինկարնացիան հանուն Սարկոզիի:
Այլ խնդիր է, որ Ռուսաստանը, որը շատ է ուզում «սեփական» վարչապետն ունենալ Հայաստանում, շատ թեկնածուներ ու մեծ ընտրություն չունի: Այդ առումով Քոչարյանը մասամբ մրցակցելի է:
Բոստանջյանի` Քոչարյանին իրենց համամասնական ցուցակ «խցկելը»` «Եվա էին ասում շուրթերը նրա, սակայն Լիլիթ էր արձագանքում հոգին» կոնֆիգուրացիայում է:
Այո՛, Ծառուկյանը, որի մասին ասվում է, որ նա, բացի Ռուսաստանից, վերջին շրջանում նաև «ինտեր» միջավայրերի հետ էլ է շփվում (մեզ ասում են` ուշադիր եղեք Գագոյի նկատմամբ, նրա արտաքինն է անգամ փոխվում, նա ավելի ինքնավստահ է դառնում. ինչո՞ւ` մեկ ուրիշ անգամ կասենք), խորհրդարանում համաներմամբ գլուխը խառը Սերժին (Ծառուկյանը հասկանում է նաև, որ որքան էլ Ռուսաստանն ու «ինտեր» միջավայրը իր հետ մի քիչ խաղում են, դա չի նշանակում, որ եթե ներսում շատ ուզեն իրեն «կլանել», դժվարությունների առաջ կկանգնեն) իր մասին հիշեցրեց, Սերժի ականջին շշնջաց «հաջորդ դասի» մասին միտքը, ինչն էլ նշանակում էր.
ա) ես կամ, ու որ ես կամ` Արուսը, Ռուսաստանը հետս են, շատ մի տրվիր ՀԱԿ-ին:
բ) ՈՒ որ կանք, ու որ մեծ գլխացավանքներ տասներեքին չլինեն, վարչապետի պաշտոնն ենք ուզում:
գ) Բոստանջյանն այն «ուզում» է Քոչարյանի համար (հասկանալի է, չէ՞, որ, «բացի» Բոստանջյանից, Քոչարյանին ուրիշ ոչ ոք չի ուզում էս մեծ աշխարհում. ո՛չ Սերժը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ հասարակությունը, ո՛չ նույնիսկ Ծառուկյանը և ո՛չ էլ Բոստանջյանը (նա հաստատ դա ասել է որպես քաղաքավարական ժեստ առ Ռուսաստան, առ Քոչարյան), իսկ Քոչարյանին «ուզողները» նույնպես անցած էտապ ու նաև` խիստ փոքրամասնություն են):
Ծառուկյանը վարչապետի պաշտոնն ուզում է «ուրիշի» համար. վախեցնում է բոլորին Քոչարյանի վերադարձով, պայքար տանում, «հաջորդ» դաս նշանակում, Արամին դասից հանում է, անկյուն կանգնեցնում, որպեսզի որպես կոմպրոմիսային ֆիգուր ընդունելի լինի…
-Ո՜վ:
Էս մասին` «հաջորդ դասին»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ